Posted in Հայոց պատմություն

Քննական հարցաշար

Թեմա 1․ Հայկական լեռնաշխարհը.

Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.

Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը:  Անտոնիոսի արշավանքը

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը։ Հայկական առասպելներն ու վիպերգերը:

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը

Posted in Հայոց պատմություն

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության: 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Լևոն Բ-ն կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թ-ի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թ-ի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189—1190 թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։

 1193 թ-ի գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ Նույն թվականին Լևոն Բ-ն գերեց Եգիպտոսի սուլթանության հետ համագործակցող, Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերակայությունը, ստիպեց հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնություններից։ Իսկ պայմանագիրը ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի ու Ռուբեն Գ-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ։ Վերջիններիս որդին պիտի ժառանգեր Անտիոքի գահը։ 1196 թվականին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց Լևոն Բ-ի գահակալման հարցը։ Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Այսպիսով, 1198 թ-ի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքում Լևոն Բ-ն օծվեց ամենայն հայոց թագավոր։ Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում։

Posted in Հայոց պատմություն

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք. 

Աբաս Ա Բագրատունի, հաջորդել Է եղբորը՝ Աշոտ Բ Երկաթին, Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր Կարս քաղաքը։Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակել թագավորանիստ, կառուցել սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում: Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953 թվականին:

Աշոտ Գ Ողորմած (ծննդյան տարեթիվը անհայտ է՝ մոտ 905–977 թվականներ) Հայոց թագավոր 953 թվականից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թթվականին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թվականին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թվականին հիմնել է Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտակրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Սմբատ Բ Տիեզերակալ (մոտ 937 – 989 թվականներ), Հայոց թագավոր 977 թվականից։ Բագրատունիների արքայատնից։

958 թվականին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982 թվականին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ 987 թվականին Սմբատ Բ-ն նաև իր թագավորությանն է միացրել Դվինի ամիրայությունը:

989 թվականին Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը:

Գագիկ Ա, Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

րավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

Posted in Հայոց պատմություն

Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Աշոտ Բագրատունուն հաջորդեց որդին` Սմբատ Ա-ն (890-914)։ Նա իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և կայազորներ հաստատեց Ալանաց դռներում։ Սմբատը թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ (Ադառնասե) իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արտաքին քաղաքականությունը իրականացնելու և միջազգային հարաբերությունների ոլորտում հավասարակշռության հասնելու նպատակով 893 թվականին բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի կայսր Լևոն Իմաստասերի հետ։ Արդյունքում Ատրպատականի Սաջյան ամիրա Աֆշինի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։

9-րդ դարի սկզբին Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Հայոց արքան վեճը լուծեց հօգուտ Սյունիների։ Սմբատից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի հետ։ Վերջինս միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն։ Խալիֆի ուղարկած թագով 908 թվականին Յուսուֆը նրան թագադրեց որպես հայոց արքա` նրան վերապահելով նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։ Նրանց միացան նաև այլ հայ իշխաններ։ Բյուզանդական կայսեր մահից հետո (912) Սմբատ Ա-ն մնաց առանց դաշնակիցների։ Արքան փոքր զորագնդով ամրացավ Կապույտ բերդում և մեկ տարվա դիմադրությունից հետո անձնատուր եղավ։ Յուսուֆը հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ, անյտեղից` Նախճավանի Երնջակ բերդ` ամրոցի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակելու համար։ Սմբատը բերդապահներին դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչի արդյունքում ենթարկվեց մահապատժի (914)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին։ Անկախության պահպամնան համար համաշողովրդական պայքարը պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), ում ժողովուրդը խիզախության և տոկունության համար «Երկաթ» մականունը տվեց։Աշոտ Բ Երկաթ (914-928)

Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիների գերագահությունն ընդունեցին ոչ միայն արաբ ամիրաները, այլև կենտրոնախույս հայ իշխանները, այդ թվում` Գագիկ Արծրունին, ով բավարարվեց Վասպուրականի թագավոր տիտղոսով։ Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը։

Posted in Հայոց պատմություն

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին 

850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։Աշոտ Ա Մեծ (885-890)

Հայոց արքան քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար։ Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին` այն դարձնելով հայոց սպարապետների աթոռանիստը։ Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների հետ հաստատելով բարեկամական կապեր` Աշոտ Ա-ն նրանց ևս ենթարկեց իր իշխանությանը։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները նույնպես ընդունեցին Աշոտի գերագահությունը։ Աշոտ Մեծը ճակատամարտում պարտության մատնեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը։ Հայոց թագավորի գերիշխանության ու ազդեցության տակ հայտնվեց նախկին Արմինիա կուսակալության ամբողջ տարածքը։ Դվինում նստող ոստիկանի իշխանությունը դարձավ ձևական ու սահմափակվեց Արարատյան դաշտի մի մասով։

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 885-1045 թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։

Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։

Posted in Հայոց պատմություն

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն 

Հայ գրերի գյուտ, հայերենի այբուբենի ստեղծում։ Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել կամ վերականգնել է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով, այլ մայրենի՝ հայոց լեզվով: Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։Հայերենի այբուբեն

Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառ։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ 

Գրերի գյուտից հետո բացվեցին դպրոցներ՝ նոր այբուբենով մանուկներին ուսուցանելու համար։ Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում»բացվեց Ամարասի վանքում։ Հայոց լեզվի դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում։

Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մշակութային այդ շարժումը հայտնի է «ոսկեդար» անունով:

Մեսրոպ Մաշտոցը մահացավ 440 թվականին և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում։ Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև` եկեղեցի կառուցվեց։ Նրանից առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:Հայ պատմագրության առաջին աշխատությունները գրվել են 5-րդ դարում։ Ագաթանգեղոսը Հայոց դարձին նվիրված աշխատությունը գրել է 4-րդ դարում, սակայն այն, լինելով Գրիգոր Լուսավորչի վարքը, 5-րդ դարում հարստացվել է վերջինիս վարդապետությամբ և մեզ է հասել այդ վիճակով։ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը և Ղազար Փարպեցին, մեկը մյուսին շարունակելով, մեզ են հասցրել հայոց 3-5-րդ դարերի պատմությունը։

Posted in Հայոց պատմություն

Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Posted in Հայոց պատմություն

Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Արշակ Բ, Հայոց Արշակունի թագավոր 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։ 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Աբլաբիոսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։

Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛ եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ իշխանին։ Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։

Պապ Արշակունի (353 – 374), Արշակունյաց Հայաստանի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։

Posted in Հայոց պատմություն

Պետական կառավարման համակարգը.

Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքիիչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք:

Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանա- պարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:

Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:

Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:

Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:

Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:

Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:

Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:

Posted in Հայոց պատմություն

Հայկական առասպելներն ու վիպերգերը

Առասպել։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝ Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքան» հունական գրականության մեջ, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։