Posted in Գրականություն

Արևմտահայ գրականություն

Արևմտահայ գրական լեզու, արևմտահայերեն, աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկը, հայ ժողովրդի արևմտյան հատվածի այնուհետև սփյուռքահայության գրական լեզուն։ Ստեղծվել է Կոստանդնուպոլսի բարբառի հիման վրա՝ ներառելով իր մեջ «կը» ճյուղի մյուս բարբառների ընդհանրական տարրերը։

Սկսել է ձևավորվել 12-րդ դարից և աստիճանաբար մշակվել, հղկվել, կատարելագործվել արևմտահայ մշակույթի գլխավոր կենտրոններում (Կ․Պոլիս, Զմյուռնիա, Վենետիկ, Վիեննա և այլն)։ Արևմտահայ գրական լեզվի զարգացումը նախապես կրել է տարերային բնույթ, վաղ շրջանում հատկանշվել է գրաբարյան, միջին հայերենի, բարբառային և օտարամուտ անհարկի տարրերով ու ձևերով, որոնք հետզհետե դուրս են մղվել գործածությունից և փոխարինվել գրական համարժեքներով։ Արևմտահայ գրական լեզուն, 19-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած ընդարձակելով իր ոլորտները, դարձել է հրապարակագրության, թատերագրության, գիտական, գեղարվեստական գրականության լեզու։

Posted in Գրականություն

Սփյուռքահայ գրականություն

Սփյուռքահայ գրականությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից դուրս ստեղծվող հայերեն գրականությունն է։ Սփյուռքահայ գրականությունն աշխարհի տարբեր գաղթօջախներում 10-ականների վերջերից մինչ 30-ականների կեսերն սկիզբ առած գրական շարժում է, որն ունեցել է զարգացման մի քանի փուլ։ Առաջին փուլի համար բնորոշ է հայրենի հողի կարոտի գրականությունը, որն ուներ ընդգծված գյուղագիտական միտում։ Ինքնակազմակերպման և ինքնագիտակցության ձևավորման մակարդակում սկսվում է տիրել ձուլման վտանգը և այն հաղթահարելու մտահոգությունը (երկրորդ փուլ)։ Երկրորդ աշխարհամարտի և ետպատերազմյան տարիներին դրվում են պայքարի, հայրենասիրության և ստեղծագործական վերելքի սփյուռքահայ նոր գրականության հիմքերը։ Այն կարոտի, հայրենաբաղձության, ձուլման դեմ պայքարող գրականություն լինելուց բացի դառնում է նաև համամարդկային արժեքներ կերտող, սփյուռքահայ մարդուն համամարդկային ինքնատիպ դիմագծերով արտացոլող գրականություն։ Սփյուռքահայ գրականությանը բնորոշ են ոչ միայն գեղագիտական, գեղարվեստական և քաղաքական-գաղափարական խնդիրները, այլև յուրահատուկ լեզվաշինարարությունը։ Նշանակալի է նաև սփյուռքահայ գրականության դերն օտար գրականությունը հայերին և հայկականն այլ ժողովուրդներին ներկայացնելու գործում, որոշակի է նաև սփյուռքահայ օտարալեզու գրականության դերը։