Posted in Հայոց պատմություն

1. Կազմեք Բագրատունյաց Հայաստանի ժամանակագրությունը:

Հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական  տոհմ էին Հայաստանում (IX–XI դարերում): IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: 

Աշոտ Ա Մեծ (885–890 թթ.), Սմբատ Ա (890–914 թթ.), Աշոտ Բ Երկաթ (914–929 թթ.), Աբաս (929–953 թթ.), Աշոտ Գ Ողորմած (953–977 թթ.), Սմբատ Բ (977–989 թթ.), Գագիկ Ա (989–1020 թթ.), Հովհաննես-Սմբատ (1020–41 թթ.), միաժամանակ՝ Աշոտ Դ (1022–40 թթ.), Գագիկ Բ (1042–45 թթ.)

Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 

869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: 

Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 

908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: 

Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):

Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: 

Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:

Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

2. Կազմեք Բագրատունի արքաների վարկանիշային աղյուսակը, որը բանավոր հիմնավորման կարիք ունի։

Աշոտ Ա Մեծ (885–890 թթ.), Սմբատ Ա (890–914 թթ.), Աշոտ Բ Երկաթ (914–929 թթ.), Աբաս (929–953 թթ.), Աշոտ Գ Ողորմած (953–977 թթ.), Սմբատ Բ (977–989 թթ.), Գագիկ Ա (989–1020 թթ.), Հովհաննես-Սմբատ (1020–41 թթ.), միաժամանակ՝ Աշոտ Դ (1022–40 թթ.), Գագիկ Բ (1042–45 թթ.)։

3. Թվարկեք Արծրունիների և Բագրատունիների պայքարի պատճառները և հետևանքները։

Արծրունյաց տոհմի առանձին իշխաններ միշտ կարևորագույն դերակատարություն են ունեցել հայոց պատմության մեջ: IV դարում` Արշակ Բ թագավորության տարիներին, երկրի ամենաազդեցիկ իշխաններից էր Մեհրուժան Արծրունին, որին հայ կղերական պատմագիտությունը դավաճան է պիտակել, մինչդեռ իրականում նա մեծ ծառայություններ է մատուցել հայոց աշխարհին և ազգային պետականությանը: Առհասարակ, Գահնամակով (վաղ միջնադարյան Հայաստանում պետաիրավական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ) Արծրունիներին տրված էր երեք բարձ: Արծրունիների ազդեցությունն ու դերակատարությունը մեծացավ հատկապես VIII դարից հետո, երբ հանուն եկեղեցու և Բյուզանդական կայսրության արաբական տիրակալության դեմ շարունակ ապստամբություններ հրահրող Մամիկոնյանների և Կամսարականների տոհմերը ստիպված էին լքել Հայաստանը: Նրանց տիրույթների հիմնական մասն անցավ Բագրատունիներին, սակայն նրանց հաշվին ձեռքբերումներ ունեցան նաև Արծրունիները: Նրանք տիրացան նաև Ռշտունյաց, Մոկաց, Տրպատունիների, Անձևացոց, Ամատունիների նախարարական տների տիրույթներին: VIII դարից սկսած` հայոց երկրում էական փոփոխություններ կատարվեցին: Հզորացած երեք տոհմեր՝ Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները միասնաբար պայքար սկսեցին Հայաստանի անկախության համար: Ձեռք ձեռքի տված՝ այս զորեղ տոհմերը ձեռնամուխ եղան Հայաստանի անկախության վերականգնման գործին: Ի վերջո, 867 թ., հայերի պայքարն արդյունք տվեց, և Աշոտ Ա Բագրատունին հայ իշխանների կողմից ճանաչվեց հայոց թագավոր: Աշոտ Ա Բագրատունու գահակալման գործում մեծ էր Արծրունիների, հատկապես՝ գահերեց իշխան Աշոտ Արծրունու դերը: 885 թ. Հայաստանի անկախությունը ճանաչեցին Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդիան: Բագրատունիներից հետո երկրում իրենց դիրքով ու ազդեցությամբ հենց Արծրունիներն էին: Հայոց պետականության վերականգնումից շատ չանցած՝ հայ իշխանական տների միությունը ճեղքեր տվեց: Պատճառը Արծրունյաց և Սյունաց իշխանական տների միջև պայքարն էր Նախճավանի համար: Այրարատ աշխարհի այդ գավառը պատկանում էր Արծրունիներին: Սակայն Նախճավանի նկատմամբ հավակնություններ ունեին նաև Սյունիները: Հավանաբար, վախենալով Արծրունիների աճող զորությունից, հայոց Սմբատ Ա արքան Նախճավանը հանձնեց Սյունաց իշխանների տնօրինությանը: Այս անարդար վճռի դեմ ըմբոստացավ Գագիկ Արծրունի գահերեց իշխանը և 908 թ., ապստամբելով Սմբատ Ա դեմ, իրեն հայոց թագավոր հռչակեց: Առիթից օգտվելով՝ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Գագիկ Արծրունուն որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ ուղարկեց: Հայաստանում սկիզբ առավ երկարատև քաղաքացիական պատերազմ Բագրատունիների և Արծրունիների միջև: Մյուս կողմից՝ Ատրպատականի ամիրայության զորքերը, օգտվելով երկրի խառնակ վիճակից, ներխուժեցին Հայաստան և ասպատակելով՝ իրենց ենթարկեցին երկիրը: Տեսնելով, որ եղբայրասպան այս պատերազմը երկիրը կործանման է հասցնում, Գագիկ Արծրունին, հրաժարվելով հայոց գահի նկատմամբ իր նկրտումներից, բավարարվեց Վասպուրականի վրա թագավորելով, և իր տիրույթներից վտարեց արաբական զորքերն ու անգամ աջակցեց Աշոտ Բ Երկաթին՝ ազատագրելու Բագրատունյաց տիրույթները արաբական գերիշխանությունից: Փաստորեն, 908 թ. հիմք դրվեց Վասպուրականի Արծրունյաց թագավորությանը, որ ճանաչում էր Բագրատունյաց արքաների գերիշխանությունը, իսկ Աշոտ Բ Երկաթը կրում էր շահնշահ հայոց և վրաց կոչումը: Գագիկ Արծրունին աչքի ընկավ շինարար գործունեությամբ: Նա ծաղկեցրեց ու զորեղացրեց Վասպուրականի թագավորությունը, Աղթամար կղզում քաղաք կառուցեց` կղզու տարածքը մեծացնելով քարերով ու երկաթյա պատվարներով: Կառուցեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որն իր արտաքին չքնաղ հարդարանքով իրավամբ հայկական ճարտարապետության գոհարներից է: Մշակութային գործունեությամբ աչքի ընկավ նաև Գագիկ Արծրունու կինը՝ Մլքե թագուհին: Գագիկ Արծրունին թագավորեց 908-943 թթ.: Վասպուրականի թագավորական գահին նրան հաջորդեցին որդին՝ Աշոտ-Դերենիկը (943-959), նրա եղբայր Համազասպ-Աբուսահլը (959-972), վերջինիս որդի Աշոտ-Սահակը (972-991), նրա եղբայրը՝ Գուրգեն-Խաչիկը (991-1003), ապա նրանց կրտսեր եղբայրը՝ Սենեքերիմ-Հովհաննես Արծրունին (1003-1021): Այս վերջինին հայ կղերական պատմագրությունը ներկայացնում է դրական գույներով՝ աստվածավախ, աստվածահաճո… Իրականում սա հայոց գահին բազմած ամենաթույլ ու վախկոտ, իր մեջ հայրենիքի զգացողությունը չկրող թագակիրներից էր: Վախենալով վերահաս սելջուկյան արշավանքներից՝ 1021 թ. Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը կտակեց Բյուզանդիային և հպատակների հետ գաղթեց բյուզանդական տիրակալության տակ գտնվող հայոց հողերը՝ Սեբաստիա, ուր, ճիշտ է, անվանական պահեց թագավորի իր տիտղոսը, բայց իրականում սոսկ իշխանիկ էր: 1080 թ. կործանվեց նաև Սեբաստիայի Արծրունիների իշխանությունը: Սենեքերիմ Արծրունին, ի թիվս այլ կալվածքների, կայսրությանը հանձնեց 8 քաղաք և 400 թեմաբերդ: Մինչդեռ, կազմակերպված դիմադրության շնորհիվ հնարավոր էր չեզոքացնել սելջուկյան սպառնալիքը: Բարեբախտաբար, ոչ բոլոր Արծրունիները հեռացան Վասպուրականից: Մասնավորապես Թոռնավանի տերը՝ Խուլ Խաչիկ Արծրունին, իր զավակների հետ մնաց հայրենիքում և ճակատամարտում փոքրաթիվ ուժերով զորեղ հարված հասցրեց սելջուկյան դելմիկների ցեղախմբին: Արծրունիների մի մասը չցանկացավ Բյուզանդիա անցնել, բայց օտարահպատակ Վասպուրականում էլ մնալ չէր կարող: Ոմանք հյուսիս տեղափոխվեցին: Եվ քանի որ Արծրունիների հարաբերությունները լարված էին Անիի Բագրատունիների հետ, նրանց մի ճյուղը հաստատվեց Լոռիում, ուր Դավիթ Անհողին թագավորը նրանց հատկացրեց Խոժոռնի բերդաքաղաքը: Այս ճյուղից սերեցին XII-XIII դարերում Հայաստանի փառքը կերտած Զաքարյան արքաները: Արծրունիների մյուս մասը հաստատվեց դարձյալ Լոռվա թագավորության տարածքում՝ Մահկանաբերդում և դարձյալ մեծ դերակատարություն ունեցավ թե՛ Զաքարյան Հայաստանի ռազմաքաղաքական կյանքում, թե՛ Վրաստանի թագավորության մեջ: Մահկանաբերդի Արծրունիներից Ամիր Քուրդը բարձր դիրքի հասավ: Նա Թիֆլիսի ամիրան էր, արքունի գանձապետը և վրաց պետության առաջնային գործիչներից: Աչքի ընկավ նաև Սադուն Արծրունին, որ արդեն թուլացած և ասպարեզից հեռացող Զաքարյանների փոխարեն դարձավ հայոց և վրաց աթաբեկ, ամիրսպասալար: Նրան փոխարինեց Խութլուբուղան, որից հետո Մահկանաբերդի Արծրունիների տոհմը նույնպես մարեց: Խութլուբուղա Արծրունու նկարը պահպանվել է Հաղպատի Սուրբ Նշան եկեղեցու որմնանկարներում՝ հարավային պատին: Իսկ բուն Վասպուրականում Արծրունյաց տոհմի պայազատները 1113 թ. հիմնեցին Աղթամարի կաթողիկոսությունն ու ժառանգաբար վարեցին կաթողիկոսի պաշտոնը երկար դարեր: Նրանք անգամ ձեռնարկեցին հայոց թագավորության վերականգնման գործը: Զաքարիա Գ կաթողիկոսը, ստանալով կարա-կոյունլու տիրակալ Ջհանշահի հաճությունը, 1465 թ. իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն օծեց հայոց թագավոր: Սակայն Սմբատի թագավորությունն անվանական էր և տարածվում էր սոսկ Աղթամար կղզու և Վանա լճի ափին գտնվող մի քանի բնակավայրերի վրա: 1468 թվականին ակ-կոյունլուները, հաղթելով կարա-կոյունլուներին, վերջ դրեցին նաև Սմբատի թագավորությանը:

4.Հիմնավորեք, որ Գագիկ Առաջինի օրոք Բագրատունյաց թագավորությունը հասել էր իր հզորության գագաթնակետին։

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել ՏայքիԴավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին։ Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները։

5. Ներկայացրեք Բագրատունյաց թագավորության տնտեսությունը և քաղաքային կյանքը։

Երկրագործություն։ Միջնադարյան Հայաստանում տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։ Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հայտնի էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։

Երկրագործության զարգացմանը նպաստում էր պարարտավորումն ու հողի ոռոգումը։ Բագրատունիների թագավորության շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը, որը ենթադրում էր հին ջրանցքների նորոգում և նորերի կառուցում։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղմթերքների մշակումը։ Հայաստանում Լայն տարածում են ստանում Գինու հնձանները, ջրաղացներն ու ձիթհանները։ Դրանք կառուցվում էին բերդերի ու խոշոր վանական համալիրների մոտ։ Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր, իսկ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում տարածված էր խաղողագործությունը։ Նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու, վարունգի, կաղամբի, գազարի, ձմերուկի մշակությունը։

Անասնապահություն։ Հայաստանի լեռնային հատվածները՝ Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն, հնուց ի վեր ունեցել ընդարձակ արոտավայրեր, որոնք հարուստ են եղել ալպիական մարգագետիններով։ Դրանք անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմինիան»։ Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը։

Արհեստներ։ Երկրագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոներով հարուստ Հայկական լեռնաշխարհը նպաստում են արհեստների ու առևտրի զարգացմանը, նոր քաղաքների առաջացմանն ու զարգացմանը։ Վաղ միջնադարի հետագա շրջանում՝ Արշակունիների թագավորության անկումից հետո, միայն Դվինն էր, որ շարունակում էր գոյատևել որպես մեծ քաղաք։ Անկախության վերականգնման շնորհիվ 9-11-րդ դարերում հին քաղաքները մասամբ վերականգնվեցին, հանդես եկան շուրջ երեք տասնյակի հասնող նոր քաղաքներ։ Դրանք առաջացան առևտրական ուղիների կարևոր խաչմերուկներում։ Սկզբում բնակավայրը գոյանում էր պարսպապատ միջնաբերդի շուրջ։ Այստեղ գտնվում էին արքային կամ իշխանին պատկանող դղյակներն իրենց օժանդակ կառույցներով։ Բուն քաղաքում, որը կոչվում էր «շահաստան», կենտրոնացած էին արհեստանոցներն ու կրպակները, շուկաները, հյուրանոցները և այլ շինություններ։ Պարսպապատ շահաստանից դուրս գտնվում էին քաղաքային արվարձանները։ Խոշոր քաղաքներն ունեին ավագների խորհուրդ կամ երիցանի, որի գլուխ կանգնած էր քաղաքապետը կամ շահապը։ Մուհթասիբ կոչված պաշտոնյան հսկում էր հարկահավաքությունը, շուկաները, առևտրական կրպակները և արհեստագործական գործատները։ Երկարատև խաղաղության պատճառով Արծնը և մի շարք այլ քաղաքներ այդպես էլ չպարսպապատվեցին։ Պայմանականորեն դրանք կարելի է անվանել բաց քաղաքներ։Իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև գտնվող Հայաստանը դառնում է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն՝ գտնվելով Մետաքսի մեծ ճանապարհի կենտրոնում։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը։ Արտաքին շուկա էին հանում հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր, մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։ Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն։ Առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում։

6. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի մասնատման գործոնները, պատճառները, ձևավորված թագավորությունները և հետևանքները:

Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան։

Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց Աշոտը Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045): Դա պետությունն ամրապնդելու նպատակով կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին: Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:

Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը, որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին:

Անիի թագավորության անկումը. Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց, 11-1 դասարան

Leave a comment